August 31

Գիտելիքի օրը բարձունքին

ԹեղենիսԱլիբեգ, Ալիբեգդաղ, Ալիբեկ, լեռնագագաթ Հայաստանի Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր կետն է (2851 մ)։ Կազմված է ստորին պալեոզոյի, կավճի և պալեոգենի ապարներից, որոնց վրա տեղադրված են միոպլիոցենյան անդեզիտներ և անդեզիտաբազալտիներ։

Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ են, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային բուսականություն։ Հյուսիսային-արևելյան լանջին է Ծաղկաձոր քաղաքը, որից 6 կմ երկար ճոպանուղի է բարձրանում մինչև գագաթը։ Ձմեռային մարզաձևերի հանգրվան է և հանգստավայր։ Տեղ֊տեղ ծածկված է անտառներով, ունի հարուստ արոտավայրեր։ Լեռան փոսորակներում երբեմն ամռան ամիսներին ձյուն է մնում։ Գագաթից երևում է Սևանա լիճը։

Թեղենյաց վանք

Գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, անտառածածկ տեղանքում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.: X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Թեղենյաց վանքում գործել են ականավոր գիտնականներ Սարգիս Իմաստասերը (XII դ.), Վանական վարդապետը (XIII դ.), պատմիչ Վարդան Արևելցին (XIII դ.):

Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):

1979-1989 թթ. պեղվել է վանքի տարածքը (ղեկավար` Գ. Սարգսյան), որի ընթացքում բացված կառույցներն են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավթին հյուսիսից հարող շինությունը (գավիթ-մատենադարան), փոքր եկեղեցին:

Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր:

Կաթողիկե եկեղեցի – գտնվում է հուշարձանախմբի կենտրոնում: Կառուցվել է XII դ.: Զույգ որմնամույթերով գմբեթասրահ է: Առանձնանում է գեղարվեստական ճոխ հարդարանքով: Ուշագրավ է բեմի ճակատային մասը, որի ողջ մակերեսը քանդակազարդված է երկրաչափական, կենդանական և բուսական հիասքանչ զարդանախշերով:

Գավիթ (առաջին գավիթ) – կից է Կաթողիկե եկեղեցուն արևմտյան կողմից: Կիսականգուն: Պահպանվել է կենտրոնական հատվածը (հարավային պատը և գմբեթածածկը քանդված են): Շինարարական արձանագրության համաձայն կառուցվել է 1207 թ, պատվիրատուն Պատրոնիկի որդի Վահրամ Չավուշն է: Միջնադարյան Հայաստանում տարածված քառասյուն, կենտրոնագմբեթ գավիթների տիպի է: Շարվածքում վարպետորեն համադրված է սև և կարմիր տուֆը: Պատերին կան XIII-XIV դդ. նվիրատվական բովանդակությամբ արձանագրություններ: Գավթի արևելյան պատին կից, արտաքուստ նշմարվում են շինության հետքեր, հավանաբար ավերված եկեղեցու մնացորդներ են:

Գավիթ-մատենադարան

Դպրատուն-գրատուն – կից է Կաթողիկե եկեղեցուն հարավային կողմից: Հավանաբար կառուցվել է Կաթողիկե եկեղեցու հետ միաժամանակ, XII դարից ոչ ուշ: Հատակագծով ուղղանկյուն է, արևելյան կողմում երեք փոքր ավանդատներով: Կառուցված է մուգ կարմիր տուֆից: Ունի շքեղ հարդարված մուտք:

Սեղանատուն – գտնվում է հուշարձանախմբի հյուսիսային կողմում: Պահպանվել է միայն հյուսիսային պատը: Կառուցվել է XIII դ., հավանաբար մինչև 1230-ական թթ.: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է, ներքուստ բաժանված երեք մասերի:

Ս. Աստվածածին եկեղեցի (փոքր եկեղեցի) – գտնվում է հիմնական հուշարձանախմբից 30 մ արևելք: VI-VII դդ. կառույց է: Մնացել են հիմքերը (պահպանված պատերի բարձրությունը ներքուստ 10-15 սմ է): Հատակագծային հորինվածքով քառախորան տիպի է: Խաչաթևերն արտաքուստ ներառված են յոթանիստ, իսկ արևմտյանը` ուղղանկյուն շրջագծի մեջ: Եկեղեցու հարավային կողմում, կից պահպանվել են այլ շինության մնացորդներ: Եկեղեցու շուրջը կան XIII դ. բնորոշ գեղաքանդակ խաչքարեր:

Գերեզմանատուն – գտնվում է վանական համալիրից հյուսիս: Կան XIII-XIV դդ. տապանաքարեր, խաչքարի բեկորներ, պատվանդաններ, գեղաքանդակ որմնափակ խաչքար: Վաղագույն տապանաքարը Սարգիս երեցինն է (1090 թ.):

Բուժական գյուղ

Բուժական, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, պատմական Նիգ գավառի տարածքում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։

Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման։ Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու բլրաշարքեր են։

Նախնիների մի մասը 1829 թ.-ից սկսած այստեղ են գաղթել ԲիթլիսիցԱրծափիցԱլաշկերտիցՄուշիցՍասունից, ինչպես նաև Խոյից, խլաթից և Սալմաստից։Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։