November 7

Մատենադարան

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։

Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Posted November 7, 2022 by Ալեքսան Ավագյան in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*