March 11

Տորք Անգեղ

Տորք Անգեղը մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական։ Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան։ Մի գարուն Տորքին թախիծ է պատում, որից նա ազատում չէր գտնում։ Օրեր, գիշերներ թափառում էր նա՝ թախծոտ աչքերն արևին հառած։ Աստղիկ դիցուհին վերևից տեսնելով նրան, իջնում է նրա մոտ և հարցնում տխրության պատճառը։ Տորքը պատասխանում է, որ իր թախծի պատճառն իր միայնությունն է, առանց սիրո մնալը. և ո՞վ կսիրի իր նման աժդահա ու տգեղ մեկին։ Եվ սիրո դիցուհին նրան հայտնում է չքնաղ կույս Հայկանուշի մասին, ո՛րը միայն կարող է սիրել Տորքին։ Տորքը գտնում է գեղեցկուհուն, փոխադարձ սեր գտնում նրանից և թախիծը փարատում։

Տորք Անգեղը չի գործածում ոչ թուր և ոչ նետ, այլ միայն իր տեսքով սարսափ է ազդում թշնամիների ու չարագործների վրա։ Բայց երբ նրանք երես են առնում, այն ժամանակ նա դիմում է ուժին։ Չարժե նրան զայրացնել, որովհետև այն ժամանակ արդեն փրկություն չի լինի։ Մի անգամ թշնամիները նավով գալիս են Պոնտական կամ Սև ծովի ափ և այնտեղից հարձակվում Հայոց բնակավայրերի վրա։ Մեծ ավերածությունների ու կոտորածի լուրը հասնում է Տորքին և նա ելնում է թշնամիների դեմ։ Վերջիններս, սարսափած նրա վիթխարի հասակից, ամեհի ուժից և իրենց շարքերում գործած կոտորածից, վազում են դեպի Պոնտոսի ափ՝ իրենց նավերով փախչելու հսկայից։ Տորքը մի փոքր ուշ է հասնում, երբ թշնամիների տորմիղը ափից բավականին հեռացել էր, և ինքն այլևս չէր կարող հասնել նրանց։ Եվ գազազած հսկան լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում ու նետում նրանց ետևից։ Ծովում, ժայռերի անկման վայրում, զորեղ ալեկոծություն է բարձրանում, և թշնամիների նավերը խորտակվում են։

Առասպելական դյուցազն Տորք Անգեղի արձանը տեղադրվել է 1982 թվականին՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում, բլրի վրա։

Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան


Posted March 11, 2023 by Ալեքսան Ավագյան in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*